Այսօր Ազգային ժողովում ընթանում էին Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդարանական լսումները, որոնց ներկա էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանը, ԱԺ պատգամավորներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Պատասխանելով ԱԺ պատգամավոր, Աժ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի հարցադրմանը, թե՝ ինչո՞ւ 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբեր ոչ մի գործողություն չէր արվում Հայաստան-ԵՄ հարաբերություններում, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված էր ԵՄ ներսում ընթացող ընտրություններով:
«ԵՄ հետ մտքերի փոխանակման գործընթացում քննարկումների երկու հարթակ է ձևավորվել. առաջինը` քաղաքական, արդարադատության, անվտանգության ուղղություններով, երկրորդը` տնտեսական, առևտրական համագործակցության ուղղությամբ: Քննարկումները հիմնված էին ԵՄ հետ նախկինում քննարկված, բանակցված հարցերի և ԵԱՏՄ կազմում մեր ստանձնած պարտավորությունների վրա»,-նշեց նա:
Նազարյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԵՄ-ի հետ մտքերի փոխանակության գործընթացի եզրափակիչ կոնֆերանսը, որի ընթացքում ամփոփվել են եվրաինտեգրման համաձայնագրի շուրջ քննարկումները:
«Այդ քննարկումների արդյունքների վրա հիմնվելով` Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին պետք է ներկայացվի փաստաթուղթ, մանդատ, որի հիման կշարունակվեն բանակցությունները` նոր իրավապայմանագրային հիմքի շուրջ: Հուսով ենք, որ մանդատը կհաստատվի մինչև Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը: ՀՀ- ԵՄ հարաբերությունների առաջնահերթություններից է շարժունակության խթանումը»,- նկատեց փոխնախարարը: