Մասաչուսեթս նահանգի դատախազությունը հանել է դերասան Քևին Սփեյսիին առաջադրված մեղադրանքները, որոնցով նա մեղադրվում էր հեռուստավարողի 18-ամյա որդու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Երիտասարդը պնդել է, թե Սփեյսին 2016-ին Նանտակետ կղզու ռեստորանում իր նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել:
Ենթադրյալ տուժողը պատմել է, թե երեք տարի առաջ դերասանն իրեն ռեստորանում ոգելից խմիչքով հարբեցրել է, որից հետո սկսել ոտնձգություն կատարել: Ի հետևանք՝ Սփեյսիին մեղադրանք են առաջադրել անառակաբարո գործողությունների և վիրավորական պահվածքի համար: Դերասանը մեղքը չէր ընդունել:
Դատական լսումների ընթացքում Սփեյսին հայտարարել է, որ երիտասարդի սմարթֆոնից, որտեղ պահպանվել են տեսագրություններն ու հաղորդագրությունները, որոնք ներկայացվել էին որպես մեղադրանքի ապացույց, տվյալների մի մասը հեռացվել է, ինչն ինքնին հանցագործություն է:
Դատավորը պահանջել էր ներկայացնել սմարթֆոնը, սակայն երիտասարդի փաստաբանները հայտարարել են, թե հեռախոսը կորել է: Իսկ երբ դատավորը ցուցմունք տալու համար հրավիրել է տուժածին, նա վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության 5-րդ ուղղումը, որ թույլ է տալիս իր դեմ վկայություն չտալ:
Ի պատասխան Սփեյսիի իրավաբանները առաջարկել են գործը կարճել՝ թույլ տրված խախտումների համար: Դատախազությունը որոշեց դերասանին առաջադրված մեղադրանքը հանել:
Հիշեցնենք, որ Սփեյսիին մեղադրել են մի քանի երկրում սեռական բնույթի ոտնձգությունների մեջ, #MeTo շարժման ալիքի վրա այդ մեղադրանքները լայն տարածում գտան և վնասեցին դերասանի կարիերային: Սակայն դրանցից և ոչ մեկը, բացի Նանտակետ կղզու գործից, դատարան չէր հասել: