Նյու Ջերսիում գործող «Էնգլվուդ» ընկերության ֆինանսական տնօրեն Կարապետ Հարությունյանը, ով Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի է, ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից՝ 6.3 մլն դոլարի հափշտակության և ինքն իրեն գաղտնի փոխանցումներ կատարելու համար։ Այս մասին հաղորդում է NorthJersey.com կայքը։
Այս գործարքները նա արել է 2007 թվականի ապրիլից մինչև այս տարվա ապրիլ ամիսը։ Հարությունյանը գրանցել է MGB ընկերությունը, որն, իբր, տրամադրել է բեռների տեղափոխության ծառայություններ։ Այնուհետև գաղտնի կերպով «Էնգլվուդ» ընկերության հաշիվներից գումարներ է փոխանցել իր տան վրա գրանցված ընկերության հաշիվներին՝ կեղծելով ստորագրությունները։
Հարությունյանը դատարանի որոշմամբ կգտնվի տնային կալանքի տակ, քանի դեռ նրա համար չի վճարվել կես միլիոն դոլարի գրավ։