ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը մարտի 11-ին ընդունել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության հատուկ գործակալ Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի ընթացքը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել:
Քեմերոն Թեյլորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագիրը, ոստիկանության հետ իրականացվող աշխատանքները, ոստիկանության ստորաբաժանումներին ցուցաբերած օժանդակության, ինչպես և իրականացվելիք միջոցառումներին առնչվող հարցեր: