Ռուսաստանը պետք է դադարեցնի զենք մատակարարել Դոնբասում ռուսամետ անջատողականներին։ Այս մասին երեկ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ անդրադառնալով ԵԱՀԿ կողմից Դոնեցկի շրջանում հայտնաբերված առանց տարբերանշանների զինվորական մեծ շարասյունների վերաբերյալ հարցին։
Ըստ նրա՝ Ռուսաստանն ավելի մեծ գին պետք է վճարի, եթե շարունակի զենք մատակարարել անջատողականներին։ «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Դոնբասի ռազմականացման սաստկացումը՝ անջատողականներին տանկեր և ծանր զինտեխնիկա տրամադրելու միջոցով։ Վերջին օրերին ԵԱՀԿ առաքելության դիտորդները հայտնել են ռուսական տանկերի և ծանր զինտեխնիկայի շարժի մասին դեպի ճակատ, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանի և Դեբալցևո բնակավայրի մոտ կրակոցների ավելացման մասին, ուր անջատողականները, խախտելով մինսկյան պայմանավորվածություններն, ամենայն հավանականությամբ ձգտում են գրավել նոր տարածքներ», — նշել է Փսակին։
Ըստ նրա՝ եթե այս գործողությունները շարունակվեն, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։