ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հանդես է գալու նախագահական ուղերձով։ Նախագահական ուղերձները հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականության ուղղություններին։ Այդ պատճառով է մեծապես կարեւորվում Կոնգրեսի համատեղ նիստի ժամանակ նախագահի ամենամյա այս հայտարարությունը. հայտնում է Ամերիկայի Ձայնը:
Տարվա քաղաքական ամենամեծ իրադարձություններից մեկն ԱՄՆ-ում համարվում է նախագահական ամենամյա ուղերձը։ Դոնալդ Թրամփն անցյալ տարի հանդես եկավ ուղերձով, սակայն քանի որ այն տեղի ունեցավ նախագահի պարտականությունները ստանձնելուց միայն մի քանի օր անց, չհամարվեց ամենամյա ուղերձ, պարզապես խոսք՝ ուղղված ժողովրդին։
Այս տարի Թրամփը շեշտը հավանաբար կդնի ԱՄՆ-ի ուժեղ ու աճող տնտեսության վրա։
Նա հաճախ է կրկնել հետեւյալ խոսքերը, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ամենահզորն է, ինչպես եւ եղել է նախկինում։
Նայեք աշխատատեղերի աճող թվին, տեսեք այն ընկերությունները, որոնք հետ են վերադառնում ԱՄՆ։ Նայեք դրամական շուկային, որտեղ ցուցանիշներն ամենաբարձրն են, քան երբեւէ։
Սակայն վեր բարձրացող տնտեսությունը մինչ այժմ չի օգնել Թրամփին բարձրացնելու իր վարկանիշը։ Դեմոկրատներն էլ բողոքում են, որ նախագահը հստակ չի արտահայտում իր առաջնահերթությունների մասին։
Բայց նախագահական ուղերձն ունի հասարակական աջակցությունը մեծացնելու ներուժ։ Այս կարծիքին է նաեւ վերլուծաբան Մորթոն Բլեքուելը, ով համոզված է, որ Թրամփի ժողովրդականությունն ունի աճելու հնարավորություն։
Սակայն հիշենք, որ Թրամփն այսօր ղեկավարում է մեծապես մասնատված մի երկիր։ Ինչպես մեկ այլ վերլուծաբան Ջիմ Քեսսլներն է ասում, նախագահական ուղերձները նախագահների վարկանիշը բարձրացնում են միայն ժամանակավորապես։
Իսկ Ռուսաստանի հարցով շարունակվող հետաքննությունը չի կարող ստվեր չգցել նախագահական ուղերձի վրա, անկախ նրանից, թե որքան գեղեցիկ կլինի այն կազմված։ Շարունակվող հետաքննությունն ու այս ընթացքում բացահայտվող նոր փաստերը կարող են ոչ միայն ստվեր նետել, այլ նաեւ մեծապես ազդել Կոնգրեսի այս տարվա ընտրությունների վրա։ Բրուքինգզի հաստատությունից Ջոհ Հուդաքի խոսքերով,
Մյուլերի կողմից ղեկավարվող հետաքննությունը մշտական գորշ ամպ է՝ կախված այս վարչակազմի գլխավերեւում։
Ինչ վերաբերում է նախագահական ուղերձում ընդգրկված մյուս թեմաներին, տնտեսությունից, առեւտրից ու ներգաղթից բացի, Թրամփն ամենայն հավանականությամբ կանդրադառնա Հյուսիսային Կորեային, Իրանին ու Աֆղանստանին։