ԱՄՆ-ը նախատեսում է 48 միլիոն դոլար հատկացնել Իրաքում գործող միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են իրաքյան փախստականների խնամքով: Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Ավելի վաղ ամերիկյան զինվորականները վայրէջք են կատարել Սինջարի շրջանում՝ տարհանելով խաղաղ բնակչությանը: Օգոստոսից ի վեր մի շարք երկրներ մարդասիրական օգնություն են տրամադրում գաղթականներին: Մի քանի երկրներ պատրաստակամություն են հայտնել ընդունել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից փախչող իրաքցիներին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: