տուն Լուրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Համայն Ռուսիո պատրիարքը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Համայն Ռուսիո պատրիարքը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակը

117
0

900

Հայ և ռուս ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ և պտղաբերել։ Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ ասել է Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքը:

Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների և թե´ հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագային շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հավատավոր հայոց հոտի անունից շնորհավորելով Կիրիլ Պատրիարքին ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան է փոխանցել իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները՝ քաջառողջություն և Հովվապետության բեղուն տարիներ մաղթելով Նորին Սրբությանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Կիրիլ Պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ ողջ քրիստոնյա աշխարհի։

Ամենայն Հայոց Հայրապետը մեծապես կարևորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի Քույր Եկեղեցիներին և աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը՝ մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին։

Նորին Սրբությունը այս իմաստով գոհունակություն հայտնել է նաև, որ Ռուս Եկեղեցու Հովվապետի ուշադրությունից անմասն չէ նաև Այսրկովկասի տարածաշրջանը՝ առանձնակի գնահատելով Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերը տարածշրջանում խաղաղության վերահաստատման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձել է նաև երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերի և գործակցությանը՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Ներկա աշխարհի իրողությունների առջև կարևորվեց ջանքերի համատեղման և գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը՝ դիմագրավելու Եկեղեցիների և ժողովուրդների առջև ծառացած տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի հայոց թեմերի և տեղի հայության հանդեպ մշտապես ցուցաբերվող հոգևոր խնամքի և հայրական հոգածության համար իր մասնավոր շնորհակալությունն է  հայտնել Կիրիլ Պատրիարքին:
Իր հերթին ողջունելով Նորին Սրբությանը և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Նորին Սրբության համար հատկանշական հոբելյանի այս օրերին իր ներկայության և բերած մասնակցության համար։