տուն Լուրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

106
0

Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սալոմե Զուրաբիշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից:

Վեհափառ Հայրապետի գրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վրաստանի ժողովուրդը հայրենի իր երկրի կառավարումը վստահել է Ձեզ՝ գնահատելով Ձեր հարուստ փորձառությունը եւ տարբեր պաշտոններում Վրաստանի զորացմանն ուղղված հայրենանվեր Ձեր ջանքերը:

Մեր մաղթանքն է, որ Ձեր առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորվեն Վրաստանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ ի նպաստ մեր եղբայր ժողովուրդների բարօրության եւ դարավոր բարեկամության ամրապնդման»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Երկնավոր Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի Վրաստանը եւ նրա հավատավոր ժողովրդին` պարգեւելով նորանոր հաջողություններ նորընտիր նախագահին: