Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բաղրամյանի վրա գտնվողներին որոշակի առումով ներկայացրեց որպես հաղթողների, բայց Բաղրամյանում գտնվողների մի խումբը, իշխանությունների նման, չցանկացավ բեմականացնել «հաղթանակը»: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:
«Այս շարժման արդյունքում կարելի էր քաղաքական արդյունքներ կորզել, չնայած, որ բուն հանրությունն այդպիսի հայտ չէր ներկայացրել: Իրականում խնդիրն այլ տեղ պետք է փնտրել. հունիսի 27-ից հետո ստեղծվեց մի իրադրություն, որտեղ կար բողոքող զանգված, բայց չկար համակարգող խումբ: Սա շատ վտանգավոր իրադրություն է, քանի որ հիմա Բաղրամյանում հավաքվածները կարող են դիտվել որպես չղեկավարվող ամբոխ, որի հետ ամեն ինչ կարելի է անել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից կատարվելիք հետագա քայլերին, ապա բանախոսը նշեց, որ դժվար թե ականատես լինենք ոստիկանության կողմից կիրառվող ուժի. «Ոստիկանների կողմից ամենավերջին հիմարությունը կլինի բռնությամբ փողոցն ազատելը, ի վերջո, եթե ոստիկանությունը մտադիր լիներ ազատել փողոցը, ապա դա կաներ ցերեկը, երբ պողոտան սակավամարդ է և շատ հեշտ է առանց ուժ կիրառելու ազատել պողոտան»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Նազարեթ Կարոյանը ևս տուժել էր հունիսի 23-ի բռնությունների հետևանքով և մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում, քանի որ ջրի շիթը հարվածել էր աչքին, ինչի հետևանքով նրա մոտ տեսողական խնդիրներ էին առաջացել:
Վարդուհի Ստեփանյան