տուն Լուրեր Մյուս տարվա մայիսին կամ հունիսին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Մյուս տարվա մայիսին կամ հունիսին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

125
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում Սահմանադրության փոփոխության ուղղությամբ, որի արդյունքում Ազգային ժողովը կարող է լուծարվել առանց վարչապետի հրաժարականի։

«Ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը չընտրի նոր վարչապետ, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն պետք է արձակվի։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ քաղաքացիները ուզում են, որ լինեն երաշխիքներ, որ վարչապետի հրաժարականից հետո նրանք ստիպված չեն լինի իրականացնել հեղափոխություն։ Անհրաժեշտության դեպքում կանեն, չեմ կասկածում։ Կարծում եմ, որ պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործողություններ ձեռնարկելու փորձեր չեն արվելու», — Facebook-ի ուղիղ եթերում ասաց Ն.Փաշինյանը։

Նրա խոսքով, պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ առանց վարչապետի հրաժարականի, այսինքն՝ խորհրդարանը ինքը պետք է ընդունի ինքնալուծարման որոշում։

«Մենք հիմա աշխատում ենք փոփոխությունների վրա, փաթեթը շուտով պատրաստ կլինի և մենք այն կուղարկենք խորհրդարան։ Կլինեն նաև քաղաքական քննարկումներ։ Առնվազն ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», — ասաց Ն.Փաշինյանը։