Այսօր Ազգային ժողովում «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներին պաշտպանության փոխնախարար, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ասաց, որ այսօր հայկական բանակը մարտունակ է, պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք՝ կրելով նվազագույն կորուստներ:
Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, ռազմարդյունաբերության կայացման ընթացքը կարելի է բաժանել չորս փուլի:
«Առաջին փուլը պատերազմական տարիներն են՝ մինչև 94-ը, երբ հիմնական խնդիրն է եղել տեխնիկայի վերանորոգումն ու պահպանումը: Պետք է հնարավորություն ստեղծվեր տեխնիկան ամբողջությամբ պահել մարտական վիճակում: Մենք համարյա որևէ մի տեխնիկա չենք ուղարկել արտերկիր վերանորոգման համար: Երկրորդ փուլը, հետպատերազմյա տարիներն են եղել՝ 1995-2001թթ, երբ առաջ քաշվեցին գիտահետազոտական և փորձաստրուկտուրական աշխատանքների հնարավորությունները և նպատակահարմարությունը, պետական պատվերով կատարվեցին գիտահետազոտական աշխատանքներ: Երրորդ փուլը 2001-2010թթ-ն է, երբ հաստատվեց ռազմատեխնիկական քաղաքականությունը՝ հնարավորինս մարտունակ վիճակում պահել, ռազմական տեխնիկան, հնարավորության դեպքում արդիականացնել և իրականացնել ռազմական տեխնիկայի արտադրության մշակում և արտադրություն»,- ասաց նա:
«Ներկայում լուրջ խնդիր է կադրերի պատրաստման հարցը: Այսպես՝ ինժեներական և կադրային տարիքային ցենզը տանում է 55-70 տարեկանը, կադրերի վերապատրաստման ուղղությամբ քայլեր չանելը կբերի արմատական խնդիրների»,-ասաց նա և ընդգծեց, որ հիմնականում աշխատողները ստանում են 120-150-հազար դրամ և երիտասարդները, մասնագիտանալով, ավելի բարձր առաջարկ են ստանում և հեռանում։
Չորրորդ փուլը, ըստ նրա, 2010թ-ից առ այսօր է, որի ժամանակ էլ հաստատվել է ռազմական արդյունաբերության բարեփոխումների 2010-2015թթ-ի հայեցակարգը և սահմանվել են գերակա ուղղությունները ինչպիսիք են՝ անհրաժեշտ հզորությունների ստեղծում, գոյություն ունեցող սպառազինության արդիականացում, պայթուցիկ նյութերի արտադրության նպատակով ռազմական քիմիայի վերականգնում, նոր տեսակի զինամթերքի ստեղծում, հակաօդային պաշտպանությունը և այլն:
Եզրափակելով` փոխնախարարը ասաց, որ այս ուղղությամբ ՀՀ-ն ունի մեծ ապագա, եթե ծրագրի շրջանակներում լուծվեն երկու հիմնախնդիրները:
«Ամենակարևոր խնդիրը մեր արդյունաբերական գործարանների արդիականացնումն է. առանց տվյալ խնդիրը լուծելու՝ մենք հետագայում լուրջ խնդրի առաջ կկանգնենք: Երկրորդ խնդիրը մասնագետների պատրաստումն է և ոլորտի մասնագետների տարիքային ցենզը։ Այս հարցը, փոխնախարարի խոսքով, պետք է լուծվի Կրթության և գիտության նախարարության հետ»,- ընդգծեց նա: