Forbes ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիներին. վարկանիշային աղյուսակի առաջատարն է կանադացի երգիչ Էյբել Թեսֆայը՝ The Weeknd-ը. հայտնում է Forbes ամսագիրը:
2017-ին կատարողը վաստակել է 92 մլն դոլար. Starboy: Legend of the Fall համերգային շրջագայության ժամանակ The Weeknd-ը յուրաքանչյուր ելույթի համար ստացել է ավելի քան 1,1 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում 23-ամյա Ջասթին Բիբերն է՝ տարեկան 83,5 մլն եկամուտով: Նշվում է նաև, որ երգիչը Forbes-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է, երբ 18 տարեկան էր: Երրորդ տեղում Ադելն է. 29-ամյա բրիտանացի երգչուհին 2017-ին ալբոմների վաճառքից և համերգներից վաստակել է 69 մլն դոլար:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև NBA-ի և ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլի լիգայի մարզիկներ, 27-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը և 20-ամյա մոդել Քայլի Ջեները՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը: