Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ կայացավ նորաստեղծ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ նիստը: Կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց և միաձայն ընտրվեց երբեմնի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ինչպիսի՞ գործունեություն կծավալի նոր կուսակցությունը, ի՞նչ տարբերություններ, կամ նմանություններ կունանա ՕԵԿ-ի հետ և քաղաքական ի՞նչ դիրքորոշում կունենա: Այս և այլ հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:
«ՕԵԿ-ը վարկաբեկված բրենդ էր: Հիմա նոր անուն են վերցնում կուսակցության համար և այստեղ ուրիշ պրոցեսներ են գնում՝ այլ կուսակցություններին ՕԵԿ-ի դրոշի տակ միավորելու համար»,-նշեց քաղաքագետը և հավելեց.«Իսկ որ նույն գործունեությունն է կատարելու, այսինքն չի ունենալու հստակ քաղաքական դիրքորոշում և միշտ հետևելու է նրան, թե իշխանություններն ինչ են ասում իրեն՝ իրենք լինելու են իշխանության մի մաս, թե ընդդիմություն՝ դա ինձ համար ակնհայտ է»:
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր կուսակցությունը իշխանության համար ևս ձեռնտու լինի գալիք ընտրություններում՝ քաղաքագետը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, նրանք պայքարում են ԱԺ-ում իրենց տեղն ունենալու համար: Չնայած հետագայում իրենք, իհարկե, կօժանդակեն հանրապետականներին: Կարծում եմ՝ այստեղ ինքնուրույն խաղ է գնում, փորձում են իրենց ձայները վերցնել, իսկ մենք գիտենք, որ այս ամեն ինչը կատարվում է իշխանությունների «դաբրո»-ով, այսինքն իշխանություններն են բաշխում ձայները»: