Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերացնել Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այսուհետ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին հնարավորություն կտրվի այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Արտաքին գործերի նախարարության ներկայացված ծրագրում պարզաբանված է. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ, նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար»:
Ակնկալվում է նաեւ, որ ԱՄԷ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճ կգրանցվի: