Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց թռչնամսի ոլորտի խնդիրների մասին: Բանախոսի խոսքով՝ այս տարի առաջին տասն ամիսներին 2016-ի համեմատ թռչնամսի արտադրությունը ավելացել է եւ կավելանա՝ նախատոնական առեւտրով պայմանավորված: «Դեկտեմբերին ձվի ավելցուկ կլինի, քանի որ Հայաստանը ձու է ներկրել: 5.2 մլն հավկիթ մի քանի օր առաջ ենք ներկրել: Ամանորին ձվի պակաս չի լինի»,- հավաստիացրեց բանախոսը:
Խոսելով ձվի գնի մասին՝ թռչնաբույծների միության նախագահն ասաց, որ ձվի գնի փոփոխությունը եղել է հոկտեմբերին՝ 2-3 դրամով թանկացավ: «Նկատելի է արհեստական գնաճ, այդ պատճառով ձու արտադրող կազմակերություններն առանց միջնորդի խոշոր առեւտրի կենտրոններին ձուն են բաց թողնում: Մենք ունենք հնարավորություն՝ ձվի գերարտադրություն ունենալու, սակայն դրա համար տոհմային տնտեսություն պետք է ունենալ»,- մանրամասնեց թռչնաբույծների միության նախագահը:
Նախորդ շաբաթ հակաբիոտիկներով հավի մսի մասին հրապարակումներ եղան: Թռչնաբույծների միության նախագահը հավաստիացրեց՝ մեր թռչնամսում կերային հակաբիոտիկներ չեն օգտագործում:
Սոնա Դավթյան