Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին նա ասել է երեկ Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ։
Նա թվել է բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր ունի Հայաստանը՝ նշելով, որ դա թույլ կտա ավելի արագ լուծել ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի։ Նա շեշտել է, որ այդ հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Ուզում եմ կրկին շեշտել, որ ոչ մի ուժ չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշման վրա։ Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում, հիմնական դեր են խաղում քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական գործոնները․․․ Եթե Հայաստանը ևս մեկ անգամ դիմի սադրանքի, նա կրկին կստանա արժանի հակահարված և կտեսնի, թե ինչպես այդ սադրանքը նոր թափ կտա արտագաղթին։ Մի խոսքով, կրկին ցանկանում եմ ասել՝ թող Ադրբեջանի հասարակությունն իմանա, որ մենք չենք շեղվի մեր սկզբունքային դիրքորոշումից։ Մենք ձգտելու ենք, որպեսզի այդ հարցը լուծում ստանա, և այն կստանա», — ասել է Ալիևը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։