Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամփոփելով նախորդ տարվա ցուցանիշներ, ակնարկել է, որ Ադրբեջանը ֆինանսական խնդիրներ ունի և ի վիճակի չի լինելու նախկինի պես իրականացնել ներդրումային ծրագրեր։
«Ուզենք, թե չուզենք, բայց նավթի գներն ազդելու են մեր եկամուտների վրա։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ մենք չենք կարողանալու մեծացնել մեր արտարժութային պաշարները։ Դա իրականություն է, և բոլորը պետք է իմանան դա։ Իհարկե, այս պայմաններում շռայլությունն անթույլատրելի է», — ասել է նա՝ նշելով, որ ներդրումներն իրականացվելու են միայն հեռանկարային նախագծերում։
«Նավթով հարուստ երկրները, որոնք ունեն մեծ հեռանկարներ, կրճատում են իրենց բյուջեները, նվազեցնում են ծախսերը, ինչը բնական է։ Մարդիկ պետք է ապրեն իրենց միջոցներին համապատասխան։ Այդպես էլ պետք է ապրեն պետությունները»,-հավելել է նա։