տուն Լուրեր ԱԻՆ ուշադրության կենտրոնում մանկապարտեզների անվտանգությունն է

ԱԻՆ ուշադրության կենտրոնում մանկապարտեզների անվտանգությունն է

174
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (ԴԻՊԵԿՈ) կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշենել» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ, ս.թ. հունվարի 17-ից փետրվարի 11-ն իրականացնում է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում: Այն իրականացվում է ՀՀ Տավուշի մարզի Խաշտառակ, Սևքար, Պտղավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքների և Իջևան քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Նախագծի փորձնական կիրառումը հնարավորություն կընձեռի բացահայտել նախագծի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև կիրառելիության հնարավորությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից:

Զուգահեռաբար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նաև մշակվում են վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարահանման պլանները, որոնք տարահանման պայմանական նշանների հետ միասին փակցվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունների համապատասխան վայրերում, ինչպես նաև տրամադրվում են աղետների ռիսկի կառավարմանն ուղղված ուսումնական նյութեր:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մշակվող աղետների ռիսկի կառավարման պլանի նպատակն է երեխաների և անձնակազմի անվտանգության ու նախադպրոցական ուսումնական հաստատության դիմակայունության բարձրացումն արտակարգ իրավիճակների ժամանակ: Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության և շրջակա տարածքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը և նախադպրոցական ուսումնական հաստատության գործընթացի անխզելիության և շարունակականության ապահովմանը:

Այն կնպաստի նախադպրոցական ուսումնական հաստատության աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների մշակմանը, գիտելիքի և նորարարության միջոցով երեխաների ու անձնակազմի շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված միջոցառումների մշակմանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, ինչպես նաև գույքի պահպանմանը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկման ժամանակ հայտնաբերված թերությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի և հաստատվելուց հետո կներկայացվի նշված կրթօջախներին` մշակման համար: