տուն Լուրեր ԱԻՆ-ը պետք է ապահովեր կիսաքանդ գործարանի անվտանգությունը

ԱԻՆ-ը պետք է ապահովեր կիսաքանդ գործարանի անվտանգությունը

194
0

լենա

Քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհին: Նրա խոսքով՝ թերայրման հետեւանքով պետք է առաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ, բայց բնապահպանության նախարարության համապատասխան կառույցը անալիզ չի արել՝ պարզելու, թե  շմոլ գազ արտանետվե՞լ է մթնոլորտ, թե՞ ոչ:

Մյուս խնդիրը, որի մասին խոսեց  քիմիկոսը,  հրդեհի պատճառ դարձած լաք էթինոլ նյութն է: Մասնագետի վերլուծությամբ՝ լաք էթինոլ նյութը ճիշտ ձեւով չի պահպանվել, հրդեհն արգելակող նյութերի քանակը համապատասխան քանակով չի եղել, որի պատճառով հրդեհ է եղել:

«Ելք» դաշինքի  պատգամավոր Լենա Նազարյանն էլ անդրադարձավ առողջապահության նախարարության հայտարարությանը: Այն, Լենա Նազարյանի խոսքով,  տարօրինակ էր, քանի որ նախարարությունը հայտարարություն արեց  հրդեհից մի քանի ժամ հետո, մինչդեռ մարդկանց պետք էր ասել, թե նրանք ինչ պետք է անեին նման իրավիճակում:

Պատգամավորը հիշեցրեց, որ տարիներ առաջ նույնպես հրդեհ էր եղել գործարանում, եւ պետք էր լուրջ վերաբերվել անվտանգությանը, իսկ  անվտանգությունը գործարանում  չի պահպանվել, որի պատճառով հրդեհ է եղել: «ԱԻՆ-ը պետք է ապահովեր կիսաքանդ գործարանի անվտանգությունը»,- նկատեց պատգամավորը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ  քիմիայի տերմիններով հանրության հետ շփվելու ժոնգլյորությունը  ճիշտ տարբերակ չէ  «Ասում են` ազոտի երկօքսիդը բարձրացել է,  բայց քանի՞ մարդ գիտի, թե ինչ է ազոտի երկօքսիդը: Պետք է բնակչությանն ասեին, թե ինչ վտանգներ կան, եւ ինչ պետք է անել:  Չպետք է ասեին, որ ծուխը գնում է Թուրքիա: Պետք է ասեին` ո՛ր գյուղերն էին  ծխի  շառավղի մեջ,  քամին ի՛նչ ուժգնությամբ էր առաջ շարժվում»:

Araratnews.am-ը «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե ի՛նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ հրդեհի իրական պատճառի բացահայտմանը հասնելու համար, արդյոք իշխանությունը հետամուտ կլինի՞ սրա բացահայտմանը, եթե վարկած կա, որ այս ամենը կազմակերպված է եղել:  «Դավադրական վարկածների մասին չեմ ուզում խոսել: Դա իրավապահ մարմինների խնդիրն է:  Արձանագրենք  մի կարեւոր հանգամանք. եթե  անգամ ԱԻՆ-ը հրդեհի մարման ժամանակ  լավ է աշխատել, ապա հիշելով  2009 թվականի հրդեհը «Նաիրիտ» գործարանում,  ապա ԱԻՆ-ը  պետք  է պահպաներ  գործարանի անվտանգությունը: Դեռ «Խոսրովի արգելոցի» հրդեհից  հետո դիմել էի  Ազգային ժողովի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանին եւ առաջարկել խորհրդարանական լսումներ կազմակերպել «Խոսրովի արգելոցի» հրդեհի պատճառների ու հետագա քայլերի մասին: Եթե  լսումներ անցկացնելու որոշում կայացվի, դա լավ հնարավորություն  է նաև անդրադառնալու «Նաիրիտ» գործարանի հրդեհին»,-  ասաց օրենսդիր մարմնի անդամը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ