EcoNews.am կայքը նորից ահազանգում է սպիտակագրլուխ անգղի որսի մեկ այլ դեպքի մասին: Կայքը, մասնավորապես գրում է, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին: Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: Նշենք, որ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասաց նա: Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող: Ի դեպ, սպանված անգղի հետ լուսանկարը հրապարակվել է մեկ այլ (ոչ լուսանկարում պատկերված) օգտատիրոջ էջում: Ներկայացվում են նաեւ մի քանի լուսանկարներ: