Araratnews.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքի բնակիչներից մեկից այն մասին, որ իրենց շենքի կոյուղաջրերը լցվում են իրենց բնակարան: Նրա խոսքով` խնդիրն առկա է արդեն երեք տարի:
«Այս ընթացքում բազմիցս եկել, նայել են ու գնացել: Կոյուղաջրերը սովորաբար դուրս են գալիս կամ բակի դիտահորերից կամ լցվում են առաջին հարկի բնակարաններ: Այս պահին բացի մեր բնակարանից, նույն իրավիճակն է նաև հարևան բնակարանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ բնակարաններից բացի` կոյուղաջրերը լցվում են նաև շենքի ներքնահարկ, ինչը վտանգավոր է շենքի սեյսմիկ անվտանգության տեսանկյունից նաև:
Բնակիչը մեզ հետ զրույցում ասաց, որ զանգահարել են սկզբում համատիրություն, ապա Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան վարչություն, հետո` քաղաքապետարան: Նրանց այցելել է համատիրաության աշխատակիցն, ով ասել է, թե կոյուղաջրերի հեռացման հարցով զբաղվում է «Երևան ջուր» ընկերությունը:
Իսկ «Երևան ջուր» ընկերությունից բնակչին հայտնել են, որ խնդիրը պետք է կարգավորի համատիրությունը:
Բնակիչները պնդում են, որ ամեն անգամ համապատասխան մարմիններին ահազանգելուց հետո ստանում են նույն պատասխանն ու խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Նրանք դիմում են ներկայացրել քաղաքապետարան` խնդրին լուծում տալու խնդրանքով, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել:
Araratnews.am-ի հետ զրույցում համապատասխան համատիրության գլխավոր ինժեներ Էդիկ Մարգարյանն ասաց, որ գնացել և տեղում է ծանոոթացել խնդրին:
«Խնդիրն այն է, որ «Երևան ջուր» ընկերության իրավասության տակ գտնվող դիտահորերը լցված են: Բնակիչներին ասել եմ, որ իրենք տեղյակ պահեն այդ ընկերությանը»,- ասաց Էդիկ Մարգարյանը:
Իսկ «Երևան ջուր» ընկերությունից հակառակն են պնդում: Մեզ հետ զրույցում ընկերության հասարակայնության հետ բաժնի վարիչ Մուրադ Սարգսյանն ասաց, որ սա առաջին վթարը չէ:
«Դա մեր խնդիրը չէ: Դա նույն համատիրության խնդիրն է: Իրենք գիտեն դա, մենք էլ գիտենք: Բայց միշտ իրենք զանգահարել են մեզ զուտ մարդկային, բացատրել են, որ տեխնիկա չունեն, մենք էլ գնացել, օգնել ենք»: