Հալեպի, Պալմիրայի և Դեյր-էզ-Զորի ազատագրումը Սիրիային մոտեցնում է ահաբեկչության նկատմամբ հաղթանակին: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում իր ելույթի ժամանակ:
«Հալեպի, Պալմիրայի ազատագրումը, Դեյր-էզ-Զորի շրջափակման վերացումը և ահաբեկիչներից ազատվելը Սիրիայի շատ մասերում հաստատում է, որ հաղթանակը հիմա մոտ է»,- ասել է Մուալեմը:
Նա նշել է, որ Դամասկոսը վճռականորեն է տրամադրված արմատախիլ անելու ահաբեկչությունը Սիրիայի ամբողջ տարածքում:
Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան զգալի ներդրում չի ունեցել գրոհայինների դեմ պայքարում:
«Մինչ կոալիցիային չի հաջողվել ոչ մի զգալի առաջընթացի հասնել ահաբեկիչների խմբերի դեմ պայքարում, Սիրիայի բանակը դաշնակիցների և բարեկամների հետ կարողացել է իրական և զգալի ձեռքբերումներ ապահովել և ահաբեկիչներին վտարել Սիրիայի շատ շրջաններից»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ կոալիցիան ավելի շատ անմեղ բնակիչների է սպանել, քան ահաբեկիչների:
«ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը ստեղծվել է 3 տարի առաջ ահաբեկչական խմբերի դեմ, ինչպիսին ԴԱԻՇ-ն է, իբր, պայքարելու համար, ավելի շատ անմեղ սիրիացիներ է սպանել, մեծամասամբ կանանց և երեխաների, քան ահաբեկիչների»,- ասել է Սիրիայի ԱԳՆ ղկավարը: