Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների քննության շրջանակներում Ֆրանսիայում նախորդ գիշերվա ընթացքում ձերբակալվել է 10 անձ: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Գործակալությանը նման տեղեկատվություն են տրամադրել իրավապահ մարմնի մոտ կանգնած աղբյուրները: Հաղորդվում է, որ ահաբեկչական գործողություներին մասնակից լինելու մեջ կասկածվող անձիք ձերբակալվել են Փարիզի արվարձաններից մեկում:
Նշենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ոստիկանությունը բացահայտել էր Ահմեդ Կուլիբանիի հանցակցի ինքնությունը, ով պատանդ էր վերցրել Փարիզում գտնվող նպարեղենի հրեական խանութի այցելուներին:
Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Դրան հաջորդել էր հրեական խանութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը խլել էր 4 պատանդի կյանք: