Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո այսօր՝ նոյեմբերի 12-ին Հայաստան է հայրենադարձվել ադրբեջանական գերության մեջ գտնվող` Կոթի գյուղի բնակչուհի 76-ամյա Լուսիկ Աբովյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 8-ին` ժամը12:00-ի սահմաններում, Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը դուրս է եկել տնից ու հետ չի վերադարձել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել:
Տիկնոջ գտնվելու վայրի եւ այլ մանրամասների հետ կապված փորձեցինք տեղեկություններ ստանալ Կոթիի գյուղապետարանից՝ չհաջողվեց, կապն անհասանելի էր:
Փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Պարոն Բալայանը երևի թե իր պարտականությունների մասին հստակ պատկերացում չունի, այլապես ամեն անգամ նույն վրդովմունքը չի ապրի իրեն ուղղված հարցերից, որոնց, ի պաշտոնե, պարտավոր է պատասխանել:
Ներկայացնում ենք ԱԳՆ խոսնակի հետ հեռախոսազրույցը.
—Պարո´ն Բալայան, մեզ ադրբեջանական գերության մեջ գտնված Լուսիկ Աբովյանի հետ կապված մանրամասներ են հետաքրքրում, ի՞նչ տեղեկություն ունեք:
-Տեղեկությունը՝ որ Կարմիր խաչի միջոցով աշխատում են հետ բերել: Առայժմ այսքանը:
—Կարմիր խաչը հաղորդագրություն է տարածել, որ Լուսիկ Աբովյանը հանձնվել է հայկական կողմին:
-Հա:
—Որտե՞ղ է հիմա տիկին Աբովյանը:
-Կարծում եմ՝ հարազատների մոտ: Կոթիի գյուղապետարան զանգեք:
-Դուք տեղյա՞կ չեք:
— Ես որևէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, պետք է հարցում անեմ համապատասխան ստորաբաժանում, ավելի ուշ զանգեք:
Ավելի ուշ, իհարկե, մեր զանգերին պարոն Բալայանը չպատասխանեց. ենթադրում ենք, որ, սովորության համաձայն, դեռ ճշտումներ է անում
Պարոն Բալայանին տեղեկացնենք, որ տիկին Աբովյանը գտնվում է Իջևանի բժշկական կենտրոնում: Միայն բուժզննությունից հետո, երբ պարզվի, որ ամեն ինչ նորմալ է, կվերադառնա հայրենի գյուղ:
Ինչ վերաբերում է արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի անտեղյակությանը, ապա նկատենք, որ Բալայանը միակ «անտեղյակը» չէ այդ գերատեսչությունում: Այսօր էլ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը կառավարությունում հայտարարեց, թե ինքն անտեղյակ է՝ Լավրով-Նալբանդան հանդիպմանը քննարկվե՞լ է Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների հարցը: