տուն Լուրեր ԱԳՆ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք

ԱԳՆ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք

129
0

agnՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք։ Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը գերմանական Die Tagespost թերթին տված հարցազրույցում՝ արձանագրելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժեք սատարում է Ադրբեջանին:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եվրոպայի միակ փակ սահմանը»,- նշել է նա:

Ըստ Քոչարյանի, Հայաստանի նախաձեռնությամբ եւ միջնորդ պետությունների աջակցությամբ մշակվեցին եւ 2009թ. Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները: Արձանագրությունները ուղղված էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը: «Սակայն Թուրքիայի իշխանությունները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողականության եւ Ղարաբաղի հարցում պրո-ադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրությունների վավերացումը: Արդյունքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը եւ իր հայտարարություններով ավելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նույնիսկ ավելի կատաղի է ժխտում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության իրողությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում իրականացված հայ բնակչության դեմ ջարդերով եւ էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանյան կայսրության՝ հայերի դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության շարունակողը»,- նկատել է փոխնախարարը:

Նրա խոսքով, այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մեկ թշնամի է հայտարարել աշխարհի ողջ հայությանը, եւ հերոսացնում ու պարգեւատրում է հայերին սպանած հանցագործներին, ինչը տեղի ունեցավ Բուդապեշտում ՆԱՏՕ զորավարժությունների ժամանակ քնած հայ սպային կացնահարած եւ ապրիլյան ագրեսիայի ժամանակ գերեվարված հայ զինվորին գլխատած մարդասպանների դեպքում:

«Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից հրաժարվելուն հետ մեկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստվածությունը Եվրոպայի հետ ինտեգրվելու, Եվրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննության տապալումը համընկավ Եվրոպական ուղուց Թուրքիայի նահանջով»: