տուն Լուրեր Աղաբեկյանը՝ իր վտանգավոր հայտարարության մասին

Աղաբեկյանը՝ իր վտանգավոր հայտարարության մասին

202
0

Եթե ուշադիր կարդաք, իմ հայտարարության մեջ ոչ մի վտանգ չկա: Այս մասին Araratnews.amի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչն է եղել երեկվա իր՝ վտանգավոր հայտարարության պատճառը:

«Չկա այդպիսի բան: Եթե ուշադիր կարդաք հայտարարությունս, ոչ մի վտանգ չկա»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` մեզ խորհուրդ տալով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Աղաբեկյանը ցավագին էր ընդունել այն փաստը, որ ՀՀ զինված  ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Լրատվամիջոցներից խուսափող նախկին բարձրաստիճան զինվորականը սկանդալային գրառում էր կատարել. «Արդեն 10 տարուց ավելի է` ինչ թողել եմ զինված ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել զինված ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ գլխավոր շտաբի պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել` ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»:

Արթուր Աղաբեկյանի հայտարարության վտանգն այն է, որ այն կարդում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև հարևան Ադրբեջանում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը անտարբեր չի թողնի  գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանի արտահայտած մտքերը: Ադրբեջանը կարդում և հասկանում է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում է անպատրաստ մարդ,  որը կարող է ոգևորել հակառակորդին:

Արթուր Աղաբեկյանը չցանկացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչն է նրա անհանգստության պատճառը, և եթե այդքան անհանգիստ է, որպես նախկին բարձրաստիճան զինվորական, դիմե՞լ է արդյոք կառավարություն, պաշտպանության նախարարին, ՀՀ նախագահին կամ մեկ այլ պաշտոնյայի, թե՞ միանգամից հանդես է եկել նման հայտարարությամբ:

«Ոչ մի հարցի չեմ պատասխանի»,- ասաց Աղաբեկյանն ու կախեց լսափողը:

Իսկ մենք ուզում էինք հարցնել` արդյոք Աղաբեկյանի արածը սաբոտա՞ժ չէ Հայաստանի Հանրապետության բանակի նկատմամբ:

Հարություն Մկրտչյան