տուն Լուրեր Ադրբեջանում որոշ լրագրողներ բնակարաններ են ստանում, ոմանք՝ բանտախցեր. The Washington Post

Ադրբեջանում որոշ լրագրողներ բնակարաններ են ստանում, ոմանք՝ բանտախցեր. The Washington Post

79
0

n-ILHAM-ALIYEV-628x314

Հուլիսի 22-ին Ադրբեջանում Ազգային մամուլի օրվա առթիվ նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին 255 բնակարան է նվիրել: Լրագրողների համար բնակարաններ կառուցելու մասին Ալիևը հայտարարել էր դեռ 4 տարի առաջ և 155 բնակարան նվիրել: Երկու դեպքում էլ նա երկու անգամ կրկնել է նույն բառերը՝ «Ադրբեջանում խոսքի ազատությունն ապահովված է». գրում է The Washington Post-ը:

Չնայած Ադրբեջանի առաջնորդը խոսում է ազատության մասին, սակայն իրեն պահում է բռնապետի պես: Ալիևի իշխանության տարիների ընթացքում այլախոհ գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ երկարատև պատժիչ արշավ է ձեռնարկվել: Տուժածներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմայիլովան է, ում շնորհիվ բացահայտվել էր Ալիևների ընտանիքի անդամների կուտակած հարստությունների մասին և այլ փաստեր: Բացահայտումներից հետո Իսմայիլովան հայտնվել է բանտում և ազատ արձակվել միայն 18 ամիս հետո՝ 2016-ի մայիսին: Բնակարանների նվիրատվության վերաբերյալ իր հոդվածներում Իսմայիլովան գովեստի խոսքեր է ուղղել նրանց, ովքեր «հաղթահարել են գաղթակղությունը և հրաժարվել որպես կաշառք տրվող բնակարաններից»:

Պարբերականը գրում է, որ պարոն Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից, ղեկավարում է ուժի միջոցով և պարգևատրում նրանց, ովքեր հավատարիմ են իրեն:

«Ադրբեջանի իշխանությունները վերջերս ձերբակալել են երկրի վերջին անկախ լրատվամիջոցի՝ «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիևին՝ մեղադրելով նրան դրամաշնորհների վերաբերյալ երկրի օրենքները խախտելու և հարկերից խուսափելու մեջ: Բոլոր այս մեղադրանքների նպատակը խմբագրին և կազմակերպությանը վախեցնելն է»,- նշված է պարբերականում հրապարակված հոդվածում:

Նշվում է, որ դեռ հուլիսի 19-ին՝ մամուլի ազատության օրվա նախօրեին,  Ալիևը հայտարարել էր, որ կառավարությունն իրեն երեք տարի առաջ խնդրել էր «Թուրանի» լրագրողներին ընդգրկել անվճար բնակարաններ ստանալու նախագծում, սակայն լրագրողները մերժել էին առաջարկը, նշելով, որ լրագրողները պետք է անկախ մնան, և որ կառավարությունից բնակարաններ ստանալը հավասարազոր է կաշառք վերցնելուն: Այդ դեպքից շաբաթներ հետո սկսվել են «Թուրանի» դեմ հետապնդումները:

Օգոստոսի 25-ին երկրի մաքսային տեսչությունը հաղորդել էր, որ «Թուրանի» դեմ քննություն է տարվում՝ հարկերից խուսափելու գործով: Բաքվի դատարանը Մեհման Ալիևի նկատմամբ սահմանվել է կալանք՝ երեք ամիս ժամկետով. նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում:  Խմբագրության բանկային հաշիվները սառեցվել են, իսկ անձնակազմը հայտարարել է, որ կդադարեցնի բոլոր գործողությունները:

«Թուրանի» ղեկավարը միակը չէ. այլ լրագրողներ և բլոգերներ շարունակում են մնալ բանտերում: Նրանք պետք է ազատ արձակվեն, իսկ մինչ այդ ոչ ոք չպետք է խաբվի ազատ մամուլի մասին նախագահի խոսքերից, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա փորձերից: Ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել կամ կաշառել. եզրափակում է The Washington Post-ը։