«Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության սցենարում հաշվարկված են նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և զինված ուժերի գործողությունները: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Զորավարժության սցենարում Արցախի Հանրապետության ու զինված ուժերի գործողությունները նույնպես հաշվարկված են»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակը խաղաղից պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է:
«Երբ խոսում ենք հղկման մասին, կատարելության հասնելու համար միշտ անելիք կա: Մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը, այդ թվում՝ օրենսդրության բովանդակությունը, թե ի՛նչ խնդիրներ կան, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել: Սցենարով այնպես է նախատեսված, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի: Այդ սցենարը պետք է մշակվի, և մենք ուզում ենք զորավարժությունների արդյունքում այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ այն նույնիսկ ամենաանսպասելի և ամենածանր սցենարներում կարողանա պահպանել աշխատունակությունը, պետության մարտունակությունն ու անհրաժեշտ կենսագործունեությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ըստ սցենարի, Ադրբեջանը Հայաստանին հայտարարում է պատերազմ, որից հետո Հայաստանն է հայտարարում պատերազմ։ Մենք ըստ սցենարի սկզբում կորցնում ենք տարածքներ, հետագայում ոչ միայն հետ ենք վերադարձնում կորցրածը, այլև ավելի առաջ ենք գնում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ զորավարժության սցենարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև պատերազմ հայտարարելը և պատերազմ հայտարարելուց հետո:
«Վարչապետը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է երեկ երեկոյան: Երկու փուլերում էլ վարչապետը երկու ներմուծական է արել, որոնք կառավարման համակարգը դրել են սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված սցենարը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին, թե կարողացե՞լ են հաղթահարել այդ ներմուծականները, պաշտպանության նախարարը նշեց, որ իրենց գերատեսչությունը կարողացել է: Վարչապետ Փաշինյանը հավելեց՝ մյուսները՝ նույնպես:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն, և եզրակացություններ կլինեն: