տուն Լուրեր Ադրբեջանն այս պահին ի վիճակի չէ լայնամասշտաբ գործողությունների, բայց պատրաստվում է

Ադրբեջանն այս պահին ի վիճակի չէ լայնամասշտաբ գործողությունների, բայց պատրաստվում է

136
0

Sergey-Minasyan1

Ինչպես արդեն գրել էինք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի. «Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»,- ասել էր Բաբայանը:

Մինչդեռ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով` ապրիլյան պատերազմը հակառակը ցույց տվեց` Ադրբեջանը խուսափում է լայնամասշտաբ գործողություններից. «Ադրբեջանն ընտրել է ցածր կամ միջին էսկալացիայի ռազմական գործողություն, բայց, բնականաբար, ելնելով նաև այն հանգամանքից, որ Ադրբեջանն ավելի քան դժգոհ է ստեղծված և պահպանվող իրավիճակից արցախյան հակամարտության հետ կապված, այս պահին կարող է փորձել գնալ ինչ-որ նոր ռազմական արկածախնդրության: Որից հետո արդեն պարզ կլինի` արդյոք հաջողություն ունենալու դեպքում կընդլայնի՞ իր գործողությունները, թե՞ ոչ»:

Քաղաքագետի կարծիքով՝ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լայնամասշտաբ գործողությունների դիմելու, թեև պատրաստվում է դրան. «Եթե նման քանակությամբ զենք-ռազմամթերք է գնում, ապա նպատակը դա է, բայց չեմ կարծում, որ նպատակն իրագործելու հնարավորություն հիմա ունի»:

Մինասյանը նաև ընդգծեց, որ հակառակորդը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, որովհետև վախենում է հայկական կողմի հնարավոր պատասխանից. «Եթե վախը չլիներ, պատերազմը վաղուց կսկսվեր և նույն այդ ապրիլից հետո Ադրբեջանը կրակի  դադարեցման մասին համաձայնության չէր գնա»:

ԼՂՀ հակամարտության մասին հայտարարությամբ այսօր հանդես էր եկել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պատասխանատու Նովրուզ Մամեդովը, ով նշել էր, որ պաշտոնական Բաքուն միջնորդներից և միջազգային հանրությունից կոնկրետ քայլեր է ակնկալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հայտարարությունում նա նաև ընդգծել էր՝ շփման գծում ապրիլյան բախումները  ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Ս.Մինասյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմից սպասում է միակողմանի զիջումներ, որն իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությանը, araratnews.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանը  պե՞տք է ՀԱՊԿ-ից պաշտպանության ակնկալիքներ ունենա, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և մյուս անդամ երկրները պետք է ռազմաքաղաքական և քաղաքական աջակցություն ցույց տան Հայաստանին: Արդյոք դա բավարա՞ր է, թե՞ ոչ. լիովին բավարար չէ, բայց ինչ-որ օգուտ ՀԱՊԿ-ից հնարավոր է ստանալ»: