տուն Լուրեր Ադրբեջանի պահանջների մեջ տարածքների վերադարձն առաջնային է. Աղասի Ենոքյան

Ադրբեջանի պահանջների մեջ տարածքների վերադարձն առաջնային է. Աղասի Ենոքյան

207
0

maxresdefault

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հարցը: Նշենք, որ հաջորդ տարվանից Մինսկի  խմբի նախագահությունն անցնելու է Գերմանիային։

Araratnews.am-ը  քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի ազդեցություն կունենա Գերմանիայի նախագահությունը հակամարտության կարգավորման վրա.«Վերջին շրջանում շատ է հնչում այն մասին, որ Գերմանիան որևէ ֆորմատով պետք իր մասնակցությունն ունենա Մինսկի խմբի մեջ, ինչը, ես կարծում եմ, բավականին ապակառուցողական կոչեր են: Որովհետև Մինսկի խումբը բավականին մեծ դժվարությամբ է եղած ֆորմատով իսկ կատարում իր գործունեությունը, և այստեղ փոփոխությունը, ես կարծում եմ՝ հղի է ամբողջ ֆորմատը պայթեցնելով»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ տարածք խաղաղապահ զորքեր մտցնելուն՝ Աղասի Ենոքյանը նշեց.«Դա միշտ եղել է քննարկումների սեղանի վրա. որևէ լուծում Լեռնային Ղարաբաղի՝ որպես անվտանգության երաշխիք ենթադրել է այնտեղ խաղաղապահ զորքերի առկայությունը: Հիմա խոսակցություններն ինտենսիվացել են այն պատճառով, որ միշտ ենթադրվել է և եղել է նախնական պայմանավորվածություն, որ այդ զորքերը չեն լինելու Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրներից: Այսինքն չեն լինելու ամերիկյան, ֆրանսիական և ռուսական զորքեր, և չեն լինելու սահմանակից երկրներից՝ թուրքական և իրանական զորքեր»:

Ենոքյանի հավաստմամբ՝ հիմա Ռուսաստանը փորձում է այդ ֆորմատի մեջ փոփոխություն մտցնել.«Երևի ավելի շատ ոգևորված իր՝ չակերտավոր ասած՝ խաղաղապահների հաջողություններից՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, ենթադրում է, որ կկարողանա ինչ-որ կերպ ջարդել այդ խոսակցությունները և այստեղ աշխատեցնել ռուսական խաղաղապահներին: Ես նույնիսկ չեմ էլ բացառում, որ վերջերս սկսած ՀԱՊԿ խաղապահների մասին խոսակցությունները հենց այդ ուղղությամբ կարող են զարգացում ունենալ»:

Araratnews.am-ի հետ զրույցում Աղասի Ենոքյանը՝ խոսելով տարածքների վերադարձման մասին՝ նշեց. «Ամեն դեպքում, եթե մենք ցանկանում ենք, եթե մենք ասում ենք լուծում՝ դա նշանակում է, որ պետք է ինչ-որ չափով բավարարվեն Ադրբեջանի պահանջները: Իսկ Ադրբեջանի պահանջների մեջ տարածքների վերադարձն առաջնային է: Հիմա, թե ի՞նչ չափով Հայաստանը կգնա դրան՝ դա զուտ բանակցությունների խնդիր է: Բայց, որ տարածքների վերադարձը լուծման մաս պետք է կազմի՝ կարծում եմ, որ այստեղ հարց չի կարող լինել»: