Lenta.ru-ի հետ հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանի հետ համագործակցության և ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին:
Լրագրող Նիկոլայ Բանինը ՊՆ ղեկավարի հետ հարցազրույցը սկսել է ԼՂ հակամարտության թեմայով՝ հարցնելով նախարարին, թե որքանով է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:
«Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է: 1994-ին եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, զինադադարի հաստատման պայմանագիր է ստորագրվել: Ցավոք, 1994-ից սկսած Բաքուն արդեն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացը: Ավելին՝ հետևողական կերպով ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու բոլոր փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ամբողջովին ձախողվեց: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք՝ ռազմական գործողությունները վերսկսվելու հնարավորության կանխավարկածի վրա»,- ասել է նախարարը:
Նախարարն ընդգծել է՝ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:
«Լինելով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված է լինելու ներքաշվել հակամարտության մեջ, եթե դա տեղի ունենա: Ակնհայտ է նաև, որ պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ Հարավային Կովկասի համար»,- ասել է Վիգեն Սարգսյանը: