Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանի ոչ թե Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, այլ նրա տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը: Panorama.am-ին այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքիայից հանդիպմանը կմասնակցի ԱԳՆ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Օմեր Գյուջուքը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը Երևանում: Հանդիպման ավարտին տեղի կունենա Կազմակերպությունում ՀՀ նախագահության փոխանցման արարողություն:Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նշենք, որ կազմակերպության անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: