Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության պատերազմ հայտարարելու մասին որոշման սցենարին, իր հերթին հայտարարելով, որ բանակցային գործընթացը ձախողելու եւ իրավիճակի սրման պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի վրա։
«Պատերազմը, որը Հայաստանը հայտարարել է Ադրբեջանին, շարունակվում է արդեն 27 տարի։ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության պատերազմ հայտարարելու մասին որոշման սցենարը մեկ անգամ եւս հաստատում է, որ Հայաստանը ագրեսոր է եւ զավթիչ»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ըստ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի Ադրբեջանը Հայաստանին հայտարարում է պատերազմ, որից հետո Հայաստանն է հայտարարում պատերազմ, ինչի հետեւանքով սկզբում կորցնում ենք տարածքներ, իսկ հետագայում ոչ միայն հետ ենք վերադարձնում դրանք, այլեւ առաջ ենք գնում։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ադրբեջանում անցկացվեցին լայնամասշտաբ ռազմական զորավարժություններ, որում ներգրավված էին 20 000 զինվորական, տանկեր, հրթիռահրետանային սարքավորումներ եւ այլ ռազմական տեխնիկա։