ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Փոխնախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հակառակ է գործում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ: «Որևէ նորություն չկա այդ տեսակետից: Ցավալի է, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի բոլոր հարցերում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանին վրդովել է հայկական կողմի այն հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն երբ որ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական Միության օրոք»,- հիշեցրեց պաշտոնյան:
Շավարշ Քոչարյանի համոզմամբ` բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմը խուսափել է բանակցություներից. ճիշտ հակառակը: Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի ինչպես ես եմ ուզում, ապա բնական է, տեղի տալ չի կարելի:
Հարցին, թե համանախագահներին ասե՞լ են, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որը անզեն աչքով երևում է, առավելևս համանախագահների համար»:
Սոնա Դավթյան