Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական օգտատերերից Ռոշան Ազիզովը (Roshan Azizov) ֆեյսբուքյան իր էջում լատինատառ հայերենով հետևյալ գրառումն էր թողել.
«Ես ապրում էմ Ադրբեջանում։ Ես պատերազմ չեմ ուզում։ Ես խաղաղություն եմ ուզում։ Մենք պետք է արյուն չթափենք»:
Առաջինը, որ մտքովս անցավ, այն էր, որ Ազիզովն Ադրբեջանի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» մասնակիցներից է։
Ադրբեջանական օգտատերերը և մի քանի կայքէջեր գրում են, որ Ռոշան Ազիզովը աշխատում էր Բաքվի թիվ 220 միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ և օրեր առաջ հեռացվել է աշխատանքից միայն այն բանի համար, որ դպրոցում և համացանցում խաղաղություն էր քարոզում:
Պարզվել է նաև, որ Ռոշան Ազիզովը Բաքու քաղաքում այդ ուղղությամբ տարբեր ակցիաներ է կազմակերպել։ Մասնավորապես, աշակերտուհիներից մեկին Բաքվի տարբեր վայրերում՝ այդ թվում նաև հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, լուսանկարել է հայկական տարազով և լուսանկարը տարածել է համացանցում։
Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատերը Արմեն Ղուլյանը: