Ռուս-իսրայելացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր puerrtto.livejournal.com բլոգում հերթական գրառումն է կատարել: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Իսկ դուք տեղյա՞կ եք, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մահմեդականից: Երբ Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից Բաքու տեղափոխեց, մոտս մի քանի գրքեր ունեի: Դրանց թվում էին հրեական Թորան և ուղղափառ քարոզիչ Հայր Արսենիի կյանքի մասին պատմությունների ժողովածուն: Առաջինն ինձ տվել էր Բելառուսում Իսրայելի հյուպատոսը, իսկ երկրորդը՝ Նաստյան՝ Եկատերինբուրգից իմ լավ ընկերը: Բաքվի բանտախցում, երբ ինձ խուզարկում էին, բանտապահները ցուցադրաբար դրանք գցեցին հատակին, ասելով. «Չկա ուրիշ Աստված Ալլահից բացի»: Այնուհետև գրքերը նետեցին աղբաման:
Թեև ես հավատից շատ հեռու մարդ եմ, բայց գրականության նկատմամբ նման վերաբերմունքը, այն էլ` հոգևոր գրքերի, ինձ խորապես վիրավորեց: Նույնիսկ Բելառուսում ոչ ոք չի արգելել կրոնական գրականություն կարդալ, և իմ խցակիցների մոտ եղել են Ղուրան և Աստվածաշունչ: Բայց Ադրբեջանում հանդուրժողականության դարաշրջանը, եթե մահմեդական չեք, ձեզ համար հեշտ չի լինելու: Ակամայից հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի` իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքեր այրելը»: