տուն Լուրեր Ադրբեջան. տնտեսական անկումը կազմել է 4,2%

Ադրբեջան. տնտեսական անկումը կազմել է 4,2%

107
0

42.thumb

Ուսումնասիրելով ընթացիկ տարվա 5 ամիսների կտրվածքով Ադրբեջանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ հրապարակված Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի կողմից, կարող ենք ասել, որ այս երկրի տնտեսությունում առկա են մի քանի ամիս շարունակվող մի շարք բացասական խրոնիկ միտումներ, որոնք բնորոշ են դարձել Ադրբեջանի համար և դրանք կարող են երկարատև բնույթ կրել:

Դրանք են՝ տնտեսության անկումը, գնաճային ճնշումները, ներդրումների կրճատումը, ազգային արժույթի անկայունությունը, բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը, արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը, արտաքին պետական պարտքի աճը: Այս միտումների ընթացքը արդեն խոսում է տնտեսությունում առկա դեպրեսիվ վիճակի մասին:

Տարվա ընթացքում այս ցանկին այլ ցուցանիշների շարունակական վատթարացմանը նույնպես ականատես կլինենք՝ մասնավորապես մանրածախ առևտրի ծավալների նվազմանը, արդյունաբերության ծավալների և շինարարության ծավալների կրճատմանը, բնակչության եկամուտների նվազմանը: Իրականում, ներկա պահին էլ է այդպես, պարզապես ադրբեջանցի վիճակագիրները դեռևս չեն համարձակում այն արտացոլել հրապարակվող վիճակագրության մեջ:

Իհարկե, ստեղծված իրավիճակի ամբողջ մեղքը բարդել միայն նավթի եկամուտների կրճատման վրա, ճիշտ չէր լինի: Ալիևների ձևավորած կոռումպացված մոդելի տնտեսությունը նույնիսկ փոքր և միջին ստրեսների դեպքում պետք է, որ խաթարվեր իր նորմալ հունից: Սա դեռ քիչ էր, այս ամենին ավելանում է նաև Բաքվի ագրեսիվ վարքագիծը, որն արդեն իսկապես բացասական ազդեցություն է ունենում այս երկրի սոցիալ-տնտեսական կայունության վրա:

Եվ այսպես, ՀՆԱ-ի անկումը հունվար-մայիս ժամանակահատվածի համար ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 4,2%: Անկումը հիմնականում պայմանավորված է ինչպես նավթային սեկտորի, այնպես էլ ոչ նավթային սեկտորի անկումով, որը իր հերթին կազմել է 7%: Պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ ոչ նավթային սեկտորի անկման գլխավոր պատճառը դա շինարարարության  և տրանսպորտային ծառայությունների կրճատումն է:

Միաժամանակ նվազել է նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 5,4%-ով: Սպառողական գների ինդեքսը կազմել է 110,4%: Շարունակվում է ցածր մակարդակի վրա մնալ մեկ այլ կարևոր ցուցանիշ ևս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 33,1%-ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերությունը անկում է գրանցել 0,3%-ով և այդ անկմանը հիմնականում նպաստել է նավթի արտադրությունը, որը նվազել է 0,7%-ով, բնական գազի արտադրությունը` 9,9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը`6,8%-ով: Կրճատվել է նաև վերամշակող արդյունաբերության որոշ  ճյուղերի արտադրության ծավալները: Սակայն, որոշ ճյուղեր նաև զգալի աճ են գրանցել, որոնցից են՝ ծխախոտի, տեքստիլի և մետաղների արտադրությունը, որոնց վիճակագրական աճն էլ կոմպենսացրել է արդյունաբերության մեծ անկումը:

Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները հունվար-մայիսի դրությամբ նվազել են նախորդ ժամանակահատվածի նկատմամբ՝ 15,1%-ով, իսկ բյուջեի ծախսերը կրճատվել են՝ 27,5%-ով:  Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների, հունվար-ապրիլ ամսվա դրությամբ կրճատվել են արտաքին առևտրի ծավալները՝ մոտ 20%-ով, որտեղ  արտահանման ծավալները՝  17,6%-ով, իր հերթին ոչ նավթային ապրանքների արտահանումը նվազել է 40%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է՝ 24 %-ով: Ներմուծման կրճատումը հուշում է բնակչության և պետական եկամուտների նվազման մասին:

Այս տարվա 5 ամիսների ընթացքում Ադրբեջանը արդյունահանել է 17,5 միլիոն տոնա նավթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,658 մլն տոննայի փոխարեն: Հասկանալի պատճառով նաև նավթային  եկամուտների առումով է այն զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին: Իսկ բնական գազի արդյունահանումը մի փոքր աճել է կազմելով 12,466 մլրդ. մետր խոր., որը ավել է 0,9%-ով  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն եկամուտների առումով այստեղ նույնպես հետնընթաց կա:

Ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 7,45 մլրդ դոլար, իսկ արտաքին պետական պարտք /ՀՆԱ հարաբերակցությունը մանաթով արտահայտված կազմել է 21%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին պետական պարտքի մեծությունը ավելացել է մոտ 70%-ով: Աճի պատճառը՝ դա ազգային արժույթի կրկնակի դեվալվացիայի և նավթադոլարների եկամուտների նվազման արդյունքում արտարժույթի նկատմամբ պահանջարկի զգալի աճն է, որը ստիպում է իշխանություններին արտաքին պարտքի միջոցով բավարարել պահանջարկը: Հիմնական պարտքատերերն են՝ Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Իսլամական զարգացման բանկը, Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը: Ենթադրվում է, որ արտաքին պարտքի ծավալները այսուհետ էլ արագորեն աճելու են: