Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման և փոխադարձ պատժամիջոցների ֆոնին մեր տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների գործարկումը և նոր նախագծերի իրականացումը առանձնակի կարևորություն են ձեռք բերել:
Ռուսաստանի և Աբխազիայի միջև օրերս կնքված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կախված Աբխազիայի դիրքորոշումից, Ռուսաստանը պատրաստ է երկաթուղային հաղորդակցության ծրագիր իրականացնել դեպի Վրաստան և Հայաստան: Խոսքը, բնականաբար, վերաբերում է աբխազական երկաթուղու վերագործարկման պատրաստակամությանը:
Հատկապես Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պարագայում աբխազական երկաթուղու վերագործարկումն առանձնակի կարևորություն է ստանում: Այս երկաթուղին Հայաստանին հնարավորություն կտա տրանսպորտային առավել նպաստավոր պայմաններ ունենալ ապրանքները ռուսական շուկա արտահանելու հարցում:
Ավելին՝ աբխազական երկաթուղու առկայությունը կոմերցիոն տեսանկյունից շատ գրավիչ կդարձնի հայ-իրանական երկաթուղին, որով, փաստորեն, Հայաստանի միջոցով Իրանը կկապվի և՛ Վրաստանին, և՛ Ռուսաստանին:
Վրացական կողմն Արևմուտքի հետ միասին, բնականաբար, բացասական արձագանքեց ռուս-աբխազական համաձայնագրի կնքմանը: Պաշտոնական Թբիլիսին այդ համաձայնագիրը որակեց որպես Աբխազիան Ռուսաստանին բռնակցելու փորձ։ Վրացական կողմի այս կոշտ արձագանքը, սակայն, չի նշանակում, որ բացառվում է երկաթուղու բացման հնարավորությունը, քանի որ քաղաքական դրդապատճառներից բացի` պետք է հաշվի առնել նաև տնտեսական գործոնները, որոնք ոչ միայն տնտեսական զարգացման հնարավորություն կընձեռեն, այլև կնպաստեն կուտակված լարվածության թուլացմանը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով աբխազական երկաթուղու բացման խնդրին, նշել է, որ այն հանդիսանում է Վրաստանի կարևոր դաշնակից Ադրբեջանի շրջափակման փորձ: Բայց հենց նույն Մ. Սահակաշվիլին ակտիվ աջակցողն էր ադրբեջանա-թուրքական նախագծերին` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցումը, որոնց գործարկմամբ նպատակ ունեին մեկուսացնել Հայաստանին:
Ակնհայտ է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման պարագայում, Ադրբեջանին մեկուսացնելու խնդիր չկա: Ռուսաստանի գերնպատակը տարածաշրջանում իր ազդեցությունը ուժեղացնելն է, որն իրականացվելու է նաև տարածաշրջանի երկրների հետ երկաթուղային կապ ունենալու միջոցով: Այս մասին փաստում է նաև այն, որ Ռուսաստանը հայտարարել է, թե երկաթուղի է կառուցելու Իրանից դեպի Ադրբեջան, իսկ հետո՝ դեպի Ռուսաստան:
Եթե Աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրը դիտարկենք Հայաստանի համար տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ապա այս երկաթուղու բացումը կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման ազդեցությունը մեղմելուն: Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը ժամանակ առ ժամանակ ակտուալություն է ձեռք բերում, սակայն հարցի լուծումը պահանջում է շահագրգիռ կողմերից տևական ժամանակահատված և հետևողական աշխատանքի իրականցում: