ABBA լեգենդար խմբի մասնակից Բյորն Ուլվեուսը նոր մասնագիտություն է գտել` նա երեխաների համար գիրք է գրել, որը կոչվում է «Սպիտակավուն դաշնամուր» և երեխաներին պատմում է այն գործիքի մասին, որի օգնությամբ ստեղծվել են խմբի ամենահայտնի հիթերը:
Գիրքը նախատեսված է 7-ից բարձր տարիքային խմբի համար: Նկարչուհի Մայա Լինդբերգը, ով ձևավորել է գիրքը, ասել է, որ ցանկացել է փոխանցել Վիգսյո կղզու մթնոլորտը, որտեղ Բյորն Ուլվեուսն ու Բենի Անդերսոնը ստեղծե-գրել են իրենց հիթերը: Դաշնամուրը, որի մասին խոսվում է գրքում, գնվել է Բյորնի տան համար: Հենց այստեղ է գրվել ABBA-ի հանրահայտ The Winner Takes It All երգը: Ներկայում գործիքը գտնվում է Ստոկհոլմում` խմբի նորաբաց թանգարանում:
«Ես գրել եմ այս գիրքը, որովհետև սիրում եմ գրել: Սակայն ինչպե՞ս հետաքրքրել յոթ տարեկան երեխաներին: Դա հեշտ գործ չէ: Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք ինձ հաջողվեց գտնել ճիշտ երանգը»,- ասել է Ուլվեուսը: