Ընդհակառակը՝ ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և հերքեց, թե ինքը ՀՀԿ-ական թեկնածուներին սպառնացել է ԱԱԾ-ով։
«Ժողովո՛ւրդ ջան, ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնացել, որովհետև մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք՝ Արցախը հանձնելու համար: Հիմա մեզ մեղադրում են, և եթե մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ո՞ւր են նայում իրավապահ մարմինները»,- նշեց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ իր կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին. «Եվ դա ընտրություններից առաջ դա պետք է անի, որ եթե պարզվի՝ մենք իրոք դավադրության մեջ ենք, էս ժողովուրդն էլ իմանա, և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Եթե պարզվի, որ դա սուտ է, այդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են»: