Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50.000 ԱՄՆ դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: