AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ Հանրային քաղաքականություն (Public Policy) կրթական ծրագրի մագիստրանտ, Եվրոպական և միջազգային ընդլայնված ուսումնասիրությունների (MAEIS) Եվրոպական ինտեգրացում և գլոբալ գիտություններ (European Integration and Global Studies) կրթական ծրագրի մագիստրոս Աստղիկ Մնացականյանն է:
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Կարծում եմ՝ բավականին թյուր կարծիք է։ Լավ սովորել չի նշանակում լինել անխնամ։ Գաղտնիքը շատ պարզ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կպլանավորես օրդ։ Կազմակերպված լինելու և մեծ ցանկության դեպքում հնարավոր է համատեղել երկուսն էլ։

Աստղիկ, կթվարկե՞ք այն ոլորտները, որտեղ կարող է աշխատել հանրային կառավարչի բազային կրթություն ունեցող անձը:
Հանրային կառավարումը բավականին լայն աշխատանքային հնարավորություններ է ընձեռում՝ պետական հատվածից մինչև մասնավոր, մարքեթինգային ոլորտից մինչև բուն կառավարչակազմակերպչական աշխատանքներ։ Այստեղ կարևորը նախասիրություններն են։ Ստացած բազային կրթությունը հետագայում բավարար է կոնկրետ որևէ ոլորտում մասնագիտանալու համար, և ուսանողը կարող է աշխատել և՛ որպես քաղծառայող, և՛ մասնավոր հատվածի որևէ կազմակերպությունում լինել մենեջմենթի թիմի անդամ։ Իհարկե, հետագա կարիերային աճը պայմանավորվում է արդեն մասնագիտական որակների շարունակական կատարելագործմամբ։ Հակառակ դեպքում, միայն բազային կրթությունը բավարար չի լինի հաջողությունների հասնելու համար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում և քաղաքագիտություն բաժինների ուսանողները 2014-2018 թթ. չորս տարի շարունակ երկրորդ հերթով են սովորել: Դասերը մեկնարկել են 14:30-ին և ավարտվել 19:05-ին: Նման ոչ կանոնակարգված գրաֆիկը ուսանողի համար արհեստական խոչընդոտներ չէ՞ր ստեղծում: Խոսքս հատկապես մարզերից եկող ուսանողներին է վերաբերում:
Ուսումնառություն բոլոր 4 տարիների ընթացքում միշտ բողոքել եմ երկրորդ հերթից։ Իհարկե, ժամանակի ընթացքում հարմարվում ես ռիթմին, քանզի չկա որևէ բան, որին մարդ չի հարմարվում, բայց օրվա ամբողջ ռեժիմը խախտվում է։ Կոնկրետ իմ պարագայում, գիշերը ցերեկ էր դարձել։

Աստղիկ, ուսումնառության ընթացքում հատկապես ո՞ր առարկաները պետք է հավուր պատշաճի յուրացնի ապագա հանրային կառավարիչը, որպեսզի իր հետագա գործունեության ընթացքում խնդիրներ չունենա:
Դժվար է մեկ-երկուսն առանձնացնելը։ Ամեն առարկա իր տեղն ու դերն ունի ապագա մասնագետի կայացման գործում։ Իհարկե, սովորելու ընթացքում միշտ էլ լինում են առարկաներ, որոնք ուսանողների կարծիքով «անիմաստ և ոչ պետքական են»։ Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ առաջին հայացքից իրարից տարբերվող դասընթացները փոխկապակցված են, և հետագայում օգնելուց բացի հաստատ չեն խանգարում։

Ներկայումս ուսանում եք արտերկրում: Մի փոքր կխոսե՞ք արտերկրում Ձեր ուսումնառության գործընացից: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մագիստրոսական կրթությունն արտասահմանում ստանալ: Կնշե՞ք մեր և արտասահմանյան կրթական համակարգերի հիմնական տարբերություններն ու ընդհանրությունները:
Այժմ սովորում եմ Centre International de Formation Européenne- CIFE-ում, մի քանի օրից մագիստրոսական թեզիս պաշտպանությունը կլինի։ Ուսումնական ծրագիրը բավականին հագեցած է, քանզի արտասահմանում ընդունված պրակտիկայի համաձայն, այստեղ էլ ամբողջ կրթական գործընթացը կազմակերպվում է մեկ տարում։ Իսկ իմ կրթական ծրագրի շրջանակներում միանգամից 3 երկրներում։ Իհարկե, համավարկի պատճառով վերջին հատվածն այդպես էլ անկատար մնաց, և միայն երկու երկրում հասցրի լինել։ Սակայն COVID-19-ը ծրագրի ուսումնական հատվածում այլ փոփոխություններ չմտցրեց, քանզի ամեն ինչ շարունակեցինք օնլայն հարթակում՝ ներառյալ քննությունները։
Արտասահմանում ուսանելուս ցանկությունը կար վաղուց։ Դե, երբ ցանկությանս գումարվեց նաև դրսում միայնակ ապրելու ներքին պատրաստակամությունս, ամեն ինչ ստացվեց։
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի տարբերություններին ու ընդհանրություններին, նշեմ, որ թերևս, ամենամեծ տարբերություններից մեկը արտասահմանում առավել պրակտիկ գիտելիքների վրա կենտրոնանալն է։ Արժևորելով տեսական հատվածը՝ շեշտը դնում են գործառնականի վրա, որպեսզի անցումը աշխատաշուկա հնարավորինս սահուն ստացվի։
Այնուամենայնիվ, թերագնահատել հայրենական կրթության որակը պետք չէ։ Մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմից շատերը թե՛ մասնագիտական գիտելիքներով, թե՛ դասամատուցման առումով ոչնչով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին։ Իհարկե, նման համեմատություն կարող եմ անել բացառապես հիմք ընդունելով սեփական փորձս, քանզի հայաստանյան կրթական համակարգի բացերը և համալսարանից համալսարան, անգամ բաժնից բաժին տարբերությունները շատ-շատ են, ու լուրջ բարեփոխումների կարիքն, այնուամենայնիվ, կա։
Այսօր Ձեր համակուրսեցիների քանի՞ տոկոսն է աշխատում կամ մտադիր է աշխատել իրենց մասնագիտությամբ:
Ընդհանրապես աշխատողների տոկոսը բավականին բարձր է՝ մոտ 80-85%: Սակայն, եթե հաշվի առնենք, որ բուն մասնագիտությունը ենթադրում է առավելապես հանրային հատվածում աշխատանք, ցավով պետք է նշեմ, որ տոկոսը բավականին ցածր է։ Կարծում եմ, խնդիրն առավելապես պետական հատվածի անհրապույր լինելն է երիտասարդների համար՝ հատկապես աշխատավարձերի տեսանկյունից։ Ու քանի որ կրթական ծրագիրն ինքնին թույլ է տալիս աշխատել նաև այլ ոլորտներում, ուսանողները նախընտրում են հենց ոչ պետական հատվածը։

Աստղիկ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում օտար լեզուն ընդամենը մեկուկես տարի է դասավանդվում. այդ ժամանակահատվածը բավարա՞ր է մասնագիտական օտար լեզուն յուրացնելու համար: Դուք ի՞նչ մեխանիզմ եք կիրառել մասնագիտական օտար լեզուն բարելավելու ուղղությամբ:
Միանշանակ կարող եմ ասել, որ բավարար չէ։ Կուրսս մշտապես պայքարում էր օտար լեզուների ուսումնառության ժամանակահատվածը երկարացնելու համար։ Մեր օրերում օտար լեզուների իմացությունը ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է։ Իսկ հանրային կառավարումն էլ համեմատաբար նոր ոլորտ է, հայալեզու գրականության քանակը՝ բավականին սակավ, ուստի որպես մասնագետ կատարելագործվելու համար այլ լեզուների՝ մասնավորապես անգլերենի իմացությունը հրամայական է։
Պետք է փաստել նաև, որ նույնիսկ երկարացված ժամանակահատվածով էլ, միայն համալսարանի դասընթացով սահմանափակվելը ցանկալի արդյունքը չի տա։ Անձամբ ես կատարելագործվել եմ օտարալեզու գրքեր կարդալով և ֆիլմեր դիտելով։

Ի վերջո, այսօր Հանրային կառավարման բաժնի դիմորդներն ավելի շատ գիտակցելով են դիմում այդ բաժին, թե՞, այսպես կոչված, պրեստիժից ելնելով:
Կարծում եմ, որ գիտակից կերպով բաժին ընդունված ուսանողների թիվը գերակշռում է։ Իհարկե, մեր կրթական համակարգի բացերով պայմանավորված, բոլոր բաժիններում էլ մշտապես կան ուսանողներ, որոնք պատահմամբ են հայտնվում այնտեղ՝ չիմանալով ինչու և ուր են եկել։ Այնուամենայնիվ, անձնական համոզմունքս է, որ ուսանողների վերաբերմունքը մասնագիտության ու բաժնի ընտրության հարցում էապես փոխվել է՝ դառնալով ավելի պատասխանատու, ինչն, անշու՛տ, շատ լավ է։
Ի՞նչ առաջնային խորհուրդներ կտաք Ձեր բաժնի ապագա դիմորդներին:
Փորձեք յուրաքանչյուր դասընթացից ստանալ առավելագունը, սովորեք գիտելիքի և ոչ երբեք գնահատականի համար, զինվեք համբերությամբ և մի ընկրկեք դժվարությունների առաջ, քանզի հետո գնահատելու եք դրանցից յուրաքանչյուրը։
Օլյա Շահինյան