Այս գիշեր ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից և գերմանիայից կազմված «վեցյակը» և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատմական համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի հարցով։ Այս մասին առաջինը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը՝ այդ մասին գրելով Twitter-ի իր էջում։ Քիչ անց այն հաստատել է Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մանը։
Կողմերը համաձայնել են, որ Իրանը հրաժարվում է նոր ցենտրիֆուգների տեղադրումից, պլուտոնիի արտադրության համար նոր ռեակտորի կառուցումից, ինչպես նաև թույլ է տալու միջազգային դիտորդներին այցելել միջուկային օբյեկտներ։ Միջազգային հանրությունը թույլ կտա Իրանին օգտվել մի շարք սառեցված միջազգային ակտիվներից (մոտ 4,2 մլրդ դոլար)։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս համաձայնագիրը ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ասել է, որ եթե առաջիկա վեց ամսում Իրանի նշանակալի քայլեր չկատարի, ապա պատժամիջոցները կրկին կխստացվեն։
Համաձայնագիրը սուր քննադատության է արժանացել Իսրայելի կողմից, որի հետախուզության ղեկավար Յուվալ Ստեյնիցը, ով պատասխանատու է Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելու համար, ասել է, որ սա վատ համաձայնագիր է և չի կարող լուծել խնդիրը։
Հիշեցնենք, որ բանակցությունների վերջին փուլը տեևեց մոտ չորս օր։ Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր վաղ առավոտյան, որի վերաբերյալ բանակցություններին մասնակցել են վեցյակի բոլոր երկների արտաքին գործերի նախարարները, այդ թվում՝ Ջոն Քերին, Գիդո Վեստերվելեն, Սերգեյ Լավրովը։