1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլերյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:
Թեհլերյանն այսպես է նկարագրում Թալեաթի կյանքի վերջին ժամը.

«Առավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. Նա՞ էր արդյոք: Այո’: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»:
1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին և Հայոց ցեղասպանության մյուս իրականացնողներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: «Նեմեսիսի» իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին, ղեկավար ընտրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն, ինչպես նաև` հատուկ ֆոնդ Շահան Մարչակլյանի ղեկավարությամբ: Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին, օգնական` Գրիգոր Մերջանովը: Տեղեկությունների հավաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազյանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու “ընկերը” Մեհմեդ Ալի անունով:
Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի և Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:
Թեհլերյանը իր հուշերում գրում է.
«Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»:
Թեհլերյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլերյանը զինվորագրվում է «Նեմեսիս» գործողությանը:
Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը: