Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության շրջանակներում վերապատրաստվում են Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները: Այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ու դրան վերաբերող ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև՝ խոցելի խմբերի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձագանքման մեխանիզմները՝ իրավական տեսանկյունից։
Դասընթացներն իրականացվում են 2 փուլով: Դրանք անցկացվում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն