![]()
Դժբախտաբար, ապրելով Ռուսաստանում, ոչ մի փողով չեմ կարող գնել այն, ինչը ինձ իրականում պետք է:
1.Անվտանգություն։ Այն ուղղակի գոյություն չունի: Ճիշտ է, միլիցիան վերանվանեցին ոստիկանություն (полиция), բոլոր ուժային կառույցների աշխատակիցներին հագցրին նոր և մոդայիկ համազգեստ: Բայց արդյո՞ք այդ ամենը ինչ-որ արդյունք տվեց, եթե մինչև հիմա ոստիկան տեսնելիս մոտդ ցանկություն է առաջանում անցնել փողոցի մյուս կողմ, եթե վարորդը միշտ մի քանի հարյուր ռուբլի ունի թաքցրած իր անձնագրում ճանապարհային ոստիկանին կաշառք տալուց անհարմար դրությունից խուսափելու համար, եթե եզակի չեն այն դեպքերը, երբ համզգեստով մարդիկ ներխուժում են առևտրի սրահներ և հրաձգություն բացում առանց երկմտելու: Պատասխանը միանշանակ է՝ բնականաբար ոչ:
2. Առողջություն: Ես բժշկական ապահովագրություն ունեմ, բացի այդ, նաև՝ որոշակի գումար այն ծառայությունների համար, որոնք ապահովագրությունը չի ընդգրկում, օրինակ՝ ատամնաբուժության: Չնայած այս ամենին, բժիշկին այցելելու համար ես անպատճառ պետք է խորհրդակցեմ իմ ծանոթ-բարեկամների հետ, որպեսզի բախտի քմահաճույքով չհայտնվեմ ոչ մասնագետ անձի հայեցողության ներքո: Մինչև հիմա մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ մի մոսկովյան կլինիկա, որում աշխատող բժիշկները ուղղակի չունեին բժշկական ծառայություններ մատուցելու իրավունք: Զավեշտալի է, բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում փակել այդ անօրեն հաստատությունը:
3. Կրթություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կրթության մակարդակը գնալով ընկնում է: Սրանից ելնելով՝ ծնողները ուղարկում են երեխաներին արտասահմանյան բուհերու ուսում ստանալու: Ուղղակի ապշում եմ, երբ իմ ուսանող ընկերները պատմում են, թե ինչ են նրանց փորձում սովորեցնել համալսարանում: Բոլոր ռեֆերատները պարզապես ներբեռնվում են համացանցից. վճարիր կուրսի համար և ստացիր դիպլոմ:
4. Պրոֆեսիոնալիզմի բացակայություն, որը ուղիղ համեմատական է հոդվածի նախորդ կետին: Մենք մուտք ենք գործել տգիտության դարաշրջան, ընդ որում, այն համատարած է՝ սկսած առողջապահությունից և վերջացրած լվացքատների ծառայությունից: Մարդիկ կորցրել են աշխատանքային նամակներ գրելու ունակությունը:
5. Անշարժ գույք: Քո քաղաքում բնակարան գնելու հնարավորությունն ուղղակի բացակայում է: Բնակարանների գները անհամարժեք բարձրացված են:
6. Կոռուպցիա: Անկախ նրանից, դուք կարողանում եք կաշառել մարդկանց, թե ոչ, կաշառակերությունը ամենուր է: Ամեն վայրում պետք է «տալ», «մտցնել գրպանը», «շնորհակալություն հայտնել»: Համաձայն ԶԼՄ-ներում տարածված լուրերի, IKEA կազմակերպությունը ցանկանում է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում՝ ելնելով հենց կոռուպցիոն ռիսկերից:
7. Բոլոր ապրանքների համատարած ցածր որակը: «Բոլոր» բառն այստեղ չափազանցված չէ, այսինքն՝ ենթադրվում է ամբողջ ապրանքացանկը՝ սկսած յոգուրտից վերջացրած ավտոմեքենայով: Ռուսաստանում և Ֆինլանդիայում նույն ֆիրմային անվանումով շամպունի արտադրանք գոյություն ունի: Հետաքրքիր է, որ առաջին դեպքում դա ինչ-որ ջրիկ, անորակ նյութ է, իսկ երկրորդում՝ իսկապես վարսերը փափկեցնող թանձր հեղուկ:
8. Մարդու իրավունքների և ազատությունների համատարած ոտնահարում: Այս կետը երկար բացատրության կարիք չունի, միայն կսահմանափակվեմ հետևյալ արտահայտությամբ՝ «սովետական դատարանը աշխարհի ամենահումանիտար դատարաններից մեկն է»:
9. Անցնենք երևի թե ամենածանրակշիռ կետին, որը, ամենայն հավանականությամբ, լիովին բավարար է այլ երկիր տեղափոխվելու համար: Դա մարդկանց անհարգալից վերաբերմունք է միմյանց հանդեպ, անհանդուրժողականությունը, որը երբեմն իր մեջ ֆաշիզմի տարրեր է պարունակում:
Մի պահ պատկերացրեք, թե ամբողջ կառավարության և պետական ծառայողների հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել միևնույն ժամանակ: Ի՞նչ կլինի այդ ամենից մեկ շաբաթ կամ ամիս անց: Ոչ մի փոփոխություն չի լինի, և ասպարեզ կգան նույն «դեմքերը», որովհետև ինչ-որ անհասկանլի պատճառով մեզանում հենց այդպիսին են մարդիկ:
Օրինակ՝ գնացքի այն ուղեկցորդը, որը կբղավի տարեց տիկնոջ վրա, որը ընդամենը չի գտնում իր տոմսը և դանդաղում է որոշ ժամանակ, այն ոստիկանը, որը շանսատակ կանի այն երիտասարդին, որը ընդամենը չունի գրանցում, քո այն գործընկերը, որը ծածուկ կտանի քո սեղանից դակիչը, բայց գիշերուզօր կբողոքի պետության միջոցների անօրինական յուրացումից և այլն: Ամենահետաքրքիրն այն է, որ երբեք չես հասկանա, թե ինչու են շրջապատող մարդիկ այդպիսինը: Գուցե դա ուղղակի պատմականորեն ձևավորված մի արժեհամակարգ է;
Ռուսաստանի քաղաքացի
|