տուն Մամուլ Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞. «Փաստ»

Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞. «Փաստ»

210
0

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում վարչապետը եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավել յալ հարկային մուտքեր են գրանցվել։

Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի եւ բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը չենք կարող համարել ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունք։

Ուշագրավ է, որ միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար: 2019-ին Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբ՝ ըստ որոշ հաշվարկների՝ մինչեւ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում էր նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել դեռեւս նախկին իշխանությունների օրոք՝ 2015 թվականին ԵԱՏՄ մտնելիս:

Եվ ահա, երբ այս տարվանից ԵԱՏՄ նոր դրույքաչափերը սկսել են գործել, երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծումը փաստացի կանգ է առել: Սակայն խնդիրն ամենեւին սրանով չի սահմանափակվում։

Շատ ավտոներկրողներ նույնիսկ վարկեր են վերցրել եւ մեծ թվով ավտոմեքենաներ ներկրել, որպեսզի կարողանան «թանկացումից» հետո վաճառել եւ շահույթ ստանալ։ Լուրջ սպասումներ կային, թե ավտոմեքենաների գների մեծ աճ է գրանցվելու։

Սակայն անցած տարվա ընթացքում Հայաստան ներկրված ավտոմեքենաները վաճառելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ Ղազախստանում ավտոներկրողների համար սահմանափակումներ են կիրառվել, որը նախատեսում է ԵԱՏՄ-ից ներմուծված ու Ղազախստանում հաշվառված ավտոմեքենաները իրենց երկրում համարել անօրինական»։