Ազգային Ժողովում այսօր «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումներին «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այսօր հայտարարեց՝ այն, ինչ կատարվել է նախկին իշխանության օրոք, խայտառակություն է:
Ըստ Բաղդասարյանի՝ թեեւ կար ՍԴ որոշում, որ քաղաքացու սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կհիմնավորի օտարման նշանակությունը եւ բացառիկ կարեւորությունը, սակայն Հյուսիսային պողոտայի տարածքների օտարման դեպքում այդ որոշումը չի գործել:
Սեդրակ Բաղդասարյանն այն քաղաքացիներից է, որ 2000-ականների սկզբին Հյուսիսային պողոտայի բնակելի տները որպես հանրային գերակա շահ օտարելու պրոցեսի ընթացքում կորցրել է սեփական տունը: «Հաջողությամբ մարսելով Հյուսիսային պողոտան՝ Ռոբերտ Քոչարյանն անցավ մեկ ուրիշ նպատակի: 2000 թվականին, 2002 թվականին կառավարության հետ մեկտեղ ընդունելով մի որոշում՝ 1151N որոշումը, որով Երեւան քաղաքի կենտրոնի 345 հազար քառակուսի մետրը պետք է իրացվեր, այսինքն՝ ուտեին»,- մանրամասնեց Սեդրակ Բաղդասարյանը:
ՀԿ ղեկավարի խոսքով՝ Քոչարյանը մենակ չէր կարող այդ ամենը անել եւ նրան պետք էին համախոհներ: «Այս բոլոր գործընթացների մեջ իր դերակատարությունն է ունեցել ՀՀ դատական համակարգը, ինչպես նաեւ հարկադիր կատարողների ինստիտուտը»,- վստահ է բանախոսը:
Սեդրակ Բաղդասարյանն այլ պաշտոնյաների անուններ տվեց՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Երվանդ Զախարյան:
ՀԿ ղեկավարն իր ելույթում նշեց նաև արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանի անունը: «Ռուբեն Մելիքյանը եւ ժպտալով ասաց. դուք բնակարանը կարող եք ստանալ, եթե դուք մեզ փող տաք: Ասացի պարոն Մելիքյան, ի՞նչ փողի մասին է խոսքը, երբ որ Եվրոպական դատարանի վճռի մեջ մի բառ չկա գրված: Ասաց՝ ճիշտ եք ասում, գրված չի, բայց մենք ենթադրում էինք, որ դուք պետք է փող տաք»,- վերհիշեց Բաղդասարյանը:
Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է թեմային եւ գրել. «Վերջին անգամ 5 ամիս առաջ՝ մայիսին եմ անդրադարձել Սեդրակ Բաղդասարյանի զրպարտություններին, դրանից առաջ՝ ևս երեք ամիս առաջ, իսկ առաջին անգամ՝ յոթ տարի առաջ։
Իր իսկ նախկին փաստաբանի կողմից 2018-ի մայիսին «շարքային կլյաուզնիկ» որակված այս զրպարտչին ԱԺ բարձր ամբիոն տրամադրածներին՝ ամոթ։
Ըստ էության. 7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին՝ բանակցություն վարելու, և ասել հետևյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը՝ այն է՝ նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերերեսով (117 քմ) բնակարան, առաջարկում եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով առաջարկել եմ անգամ ոչ թե վերադարձնել գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին և երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ առնվազն 30-35 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը և այդ պայմանով ստանային իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարանն ու այն վաճառեին։ Երկու տարի էլ չէին կորցնի։
Վերոգրյալի հիման վրա՝ ինձ ակնհայտ է, որ Սեդրակ Բաղդասարյանի նպատակը բացարձակ կապ չունի իր բարձրաձայնած խնդրի հետ։ Իսկ թե որն է պարոնի իրական նպատակը, պարզ է դառնում Սորոսի հիմնադրամից նրա ստացած գրանտներից (շուրջ 90.000$) — վարկաբեկել, վարկաբեկել մինչև վերջ։ Ներառյալ նրանց, ովքեր անկեղծորեն ու անշահախնդիր ձևով փորձում էին նրան օգնել»,- գրել է Մելիքյանը: