տուն Լուրեր «80 տոկոսը հղիության արհեստական ընդհատման է դիմում տանը». ծնունդների դինամիկան Չարենցավանում (Լուսանկարներ)

«80 տոկոսը հղիության արհեստական ընդհատման է դիմում տանը». ծնունդների դինամիկան Չարենցավանում (Լուսանկարներ)

357
0

_MG_8690

Չարենցավանի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում այս տարի եղել է 260 ծնունդˋ անցած տարվա համեմատ 26 ծնունդ ավելի:

Սակայն նորածինների սեռերի անհամամասնությունը, ինչպես նշում է մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարինե Պողոսյանը, խիստ նկատելի է:

«Տղաներ ավելի շատ են ծնվում, 100/110-ի հարաբերությամբ: Հիմա հիմնականում մինչեւ 2 երեխա են բերում: Եթե կառավարությունը ծնունդների համար ավելի շատ գումար հատկացնի ինչպես միանվագ, այնպես էլ ամսական, ապա ծնունդների աճ կլինի»,- ասում է Պողոսյանը:

Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում երրորդ երեխան ծննդաբերած 30-ամյա Անուշ Վարդանյանը նշում է, որ գոհ է հիվանդանոցի պայմաններից, բայց ցանկալի կլիներ, որ առաջին եւ երկրորդ երեխա ծննդաբերելու դեպքում կառավարությունը ավելի շատ գումար հատկացներ մայրերին:

«Հիմա երրորդ երեխայիս համար կարծեմ 430 հազար դրամ են փոխանցելու: Բայց առաջին եւ երկրորդ երեխաներիս ժամանակ ամեն մեկի համար առանձին փոխանցեցին 50 հազար դրամ: Դա շատ քիչ է, այդ գումարով ծնողը միայն 15 օրվա տակդիր կարող է իր երեխու համար գնել: Ես ինքս կառավարության տված գումարի հնգապատիկն եմ ծախսել իմ երեխաների վրա միայն կերի ու տակդիրների համար»,- ասում է 3 որդիների մայր Անուշ Վարդանյանը:

Չարենցավանի ծննդատունն առաջին կարգի է (ամենացածր): Վերանորոգվել է 3 տարի առաջ, սակայն մասնագետները նշում են, որ հարկավոր են որոշակի ներդրումներ:

«Հիմա մեր բաժանմունքում վիրահատարան ունենք, բայց տեխնիկա չունենք, դա է խնդիը: Եթե անհրաժեշտություն է լինում, իջնում ենք վիրաբուժական՝ այնտեղ վիրահատություններ անելու»,- ասում է մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Կարինե Պողոսյանը:

Նա նշում է, որ 20-25 տարի առաջ ծննդատանը տարեկան կտրվածքով ունենում էին 1000 ծնունդ, իսկ այժմ նվազել էˋ հասնելով մինչեւ 260-ի:

Ամենաքիչ ծնունդները եղել են 2009-2010 թթ., երբ ծննդատանը գրանցվել է 211 ծնունդ:

«Ժողովրդի վիճակը հենց վատացավ, ծնունդներն էլ պակասեցին: Ժողովուրդը կամաց-կամաց թողեց գնաց այստեղից: Արտագնա աշխատողներն էլ շատ են այստեղ: Դա մարդկանց կյանքի ոչ լիարժեք վիճակից է»,-ասում Պողոսյանը:

Անդրադառնալով  հղիության արհեստական ընդհատումներին, Պողոսյանը նշեց, որ 80 տոկոսը դիմում են տնային պայմաններումˋ դեղորայքային միջոցներով ընդհատման, ինչը հաճախակի ունենում է բացասական հետեւանքներ: «Դե, մեկը մյուսին հաղորդում է, որ այդպիսի դեղ կա, որը սայտոտեկն է: Նախ, դա հեշտ հասանելի է, շատ էժան է, ազատ վաճառվում է դեղատներում: Գնում են առնում, օգտագործում, վերջում բարդություններով բերում են հիվանդանոց հղիին: Դա խիստ վտանգավոր դեղ է: Ցավոք, կանանց մեծ մասը չի դիմում բժշկի արհեստական ընդհատման համար, այլ տանը դեղորայքային ճանապարհով է անում»,- ասում է Պողոսյանը:

Նա հավելում է, որ այս տարվա մայիսի 1-ից հետո, երբ ուժի մեջ մտավ ծննդաբերողների ուղեգրման նոր կարգը, ըստ որի՝ մարզերում բնակվող հղիները կարող են միայն իրենց մարզի ծննդատներում անվճար ծննդաբերել, իսկ Երեւանում կամ այլ մարզերում՝ վճարովի, մեծ ազդեցություն չի ունեցել իրենց այցելուների թվի վրա:

«Տարբերությունը քիչ ենք զգում: Մարզի մեջ է հիմնականում տեղաշարժը: Նրանք, ովքեր Չարենցավանից առաջ գնացել են Աբովյան կամ Հրազդան ծննդաբերելու, հիմա, որ հղի են,  գալիս են մեր մոտˋ Չարենցավանի բաժանմունք»,- նշում է Պողոսյանը:

Լիլիթ Առաքելյան

_MG_8709

_MG_8711

 

_MG_8698

 

 

_MG_8699

 

Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատարանը, որտեղ չկան սարքավորումներ

_MG_8696

Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի նորածինների ինտենսիվ բուժման սենյակը, որտեղ չկան անհաս նորածինների համար նախատեսված կյուվեզներ

_MG_8704

 

30-ամյա Անուշ Վարդանյանը՝ իր մի քանի օրական նորածնի հետ (երրորդ երեխան է) Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում

_MG_8716

Չարենցավանի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը վերանորոգվել է 2011 թ.

_MG_8722

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here